Անցնել բովանդակությանը
Գլխավոր
Տնտեսակետ
Անձնական բարեկեցության և երկրի բարգավաճման բանաձևը

Բաղադրիչ 1.1

Խթանները նշանակություն ունեն

Օգուտների և ծախսերի փոփոխությունները կանխատեսելի կերպով ազդում են ընտրությունների վրա:

Տնտեսագիտության հիմքում ընկած է մեկ պարզ սկզբունք. խթանների փոփոխությունները կանխատեսելի կերպով ազդում են մարդկանց վարքագծի վրա: Խթանների վրա ազդում են և՛ դրամական, և՛ ոչ դրամական գործոնները: Երբ ինչ-որ բան թանկանում է, փոքրանում է հավանականությունը, որ մարդիկ այն կընտրեն։ Այս պարզ գաղափարը, որը երբեմն անվանում են տնտեսագիտության կանխադրույթ, հզոր գործիք է, քանի որ կիրառելի է գրեթե այն ամենի նկատմամբ, որ անում ենք:

Քիչ հավանական է, որ մարդիկ կընտրեն մի բան, որը թանկացել է։ Մտածե՛ք այս պնդման հետևանքների մասին: Երբ ուշանում ես հանդիպումից, քիչ հավանական է, որ ընկերոջդ այցելելուն ժամանակ կհատկացնես: Ցուրտ և անձրևոտ օրերին ավելի քիչ մարդ կգնա զբոսանքի: Բարձր գների դեպքում ավելի քիչ ապրանք կվաճառվի։ Արձակուրդից առաջ քոլեջի դասերի հաճախելիության մակարդակը սովորականից ավելի ցածր կլինի: Բոլոր դեպքերում բացատրությունը նույնն է. որքան ծախսատար է դառնում այլընտրանքը, այնքան նվազում է այն ընտրելու հավանականությունը:

Նույն կերպ, երբ որևէ այլընտրանքի շահավետությունը մեծանում է, մեծանում է նաև հավանականությունը, որ մարդիկ կընտրեն այն: Փողոցով քայլելիս գետնի վրա փող նկատած մարդն ավելի մեծ հավանականությամբ կկռանա ու կվերցնի եվրոն կամ դոլարը, քան ցենտը: Ուսանողները կհաճախեն և ավելի ուշադիր կլինեն դասի ժամանակ, եթե իմանան, որ տվյալ առարկայից քննություն են հանձնելու: Հաճախորդներն ավելի շատ կգնեն այն խանութներից, որոնք առաջարկում են ավելի ցածր գներ, սպասարկման բարձր որակ և գտնվում են հարմար վայրում: Աշխատողներն ավելի ջանասիրաբար և արդյունավետորեն կաշխատեն, եթե համապատասխանաբար պարգևատրվեն: Այս բոլոր արդյունքները շատ կանխատեսելի են և պարզապես արտացոլում են տնտեսագիտության՝ «խթանները նշանակություն ունեն» կանխադրույթը:

Դուայթ Լի, «Խթանների ուժը»
Լրացուցիչ ընթերցանության նյութ • Սեղմել ներբեռնելու համար (64 ԿԲ)

Այս հիմնական կանխադրույթը բացատրում է, թե ինչպես են շուկայական գների փոփոխություններն ազդում խթանների փոփոխման վրա այնպես, որ համաձայնեցնում են գնորդների ու վաճառողների գործողությունները: Եթե գնորդները որևէ ապրանքից ցանկանում են գնել ավելի շատ, քան արտադրողները պատրաստ են (կամ կարող են) վաճառել, այդ ապրանքի գինը շուտով կբարձրանա: Գնի բարձրանալու հետ մեկտեղ վաճառողները կցանկանան ավելի շատ առաջարկել այդ ապրանքից, իսկ գնորդներն ավելի քիչ կգնեն. այսպես կշարունակվի այնքան ժամանակ, մինչև որ ավելի բարձր գինը կհավասարակշռի պահանջվող ու առաջարկվող քանակությունը: Այդ կետում գինը կայունանում է:

Ի՞նչ կկատարվի հակառակ իրավիճակում, եթե վաճառողները ցանկանան առաջարկել ավելի շատ, քան գնորդները պատրաստ են գնել: Եթե վաճառողները չկարողանան վաճառել իրենց բոլոր ապրանքները ներկա գնով, ստիպված են լինելու իջեցնել ապրանքի գինը: Ցածր գինն իր հերթին կդրդի մարդկանց ավելի շատ ապրանք գնել, բայց միաժամանակ արտադրողներին հետ կպահի այդքան շատ արտադրելուց, քանի որ արտադրանքը նոր՝ ավելի ցածր գնով առաջարկելը նրանց համար պակաս գրավիչ է։ Կրկին, գնի փոփոխությունը հավասարակշռում է սպառողների կողմից պահանջվող և մատակարարների կողմից արտադրվող քանակը: Այստեղ գնի փոփոխություն առաջացնող ճնշում այլևս չկա:

Օրինակ՝ 2014թ. ամռանը ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում վատ եղանակի պատճառով դեղձի գինը նախորդ տարվա համեմատ մոտ 180%-ով աճեց: Չնայած գների հսկայական թանկացմանը՝ սպառողները չէին բողոքում: Ինչո՞ւ: Երբ գինը բարձրանալու արդյունքում դեղձը թանկացավ, սպառողներից շատերը հեշտորեն դեղձը մասամբ կամ լիովին այլ մրգերով փոխարինեցին և իրենց ձմեռային պահածոները պատրաստեցին տանձից ու սերկևիլից:

Ավելին, վաճառողներն արձագանքեցին դեղձի բարձր գներին այնպես, ինչպես գնորդները: Դեղձ մատակարարող ֆերմերները նոր ծառեր տնկեցին: Մյուս ֆերմերները կտրեցին իրենց խնձորի ու տանձի այգիները և փոխարենը դեղձի ծառեր տնկեցին: Եվ այսպես, երկու տարի անց (երբ նոր տնկած ծառերն արդեն բերքատու էին դարձել) դեղձի գինը նվազեց, քանի որ առաջարկը մեծացավ:

Խթաններն ազդում են նաև քաղաքական ընտրությունների վրա: Քվեախցիկում ընտրություն կատարողի վարքը թերևս շատ չի տարբերվում առևտրի կենտրոնում ընտրություն կատարողի վարքից: Շատ դեպքերում քվեարկողները հակված են պաշտպանելու այն քաղաքական թեկնածուներին ու նրանց ծրագրերը, որոնք իրենց կարծիքով կապահովեն ամենամեծ անձնական օգուտները համեմատաբար քիչ ծախսերի պայմաններում: Նրանք կընդդիմանան այն քաղաքական տարբերակներին, որտեղ անձնական ծախսերն ավելի մեծ են, քան ակնկալվող օգուտները: Օրինակ՝ տարեց քաղաքացիները բազմիցս դեմ են քվեարկել այն թեկնածուներին ու ծրագրերին, որոնք կենսաթոշակի իջեցում են նախատեսել: 2018թ. սեպտեմբերին Ռուսաստանում կայացած նահանգապետի ընտրություններում «Միասնական Ռուսաստան» կուսակցության ցածր արդյունքների պատճառ է համարվել կենսաթոշակային նպաստներում առաջարկվող նվազեցումները: Նույն կերպ, քվեարկության արդյունքները ցույց են տալիս, որ ուսանողները մեծապես կողմ են բուհերի ուսանողների համար նախատեսված կրթական դրամաշնորհներին:

Հնարավոր չէ հաշվի չառնել խթանների կարևորությունը: Դրանք մարդկային էության մաս են կազմում: Խթանները հասարակարգում նույնքան որոշիչ են, որքան հասարակարգում: Նախկին Խորհրդային Միությունում ապակու արտադրության գործարանների ղեկավարներն ու աշխատակիցները մի ժամանակ պարգևատրվում էին ըստ իրենց արտադրած ապակե թիթեղի տոննայի: Քանի որ նրանց եկամուտները կախված էին ապակու քաշից, գործարանների մեծ մասը թերթային ապակին այնքան հաստ էր արտադրում, որ այն գրեթե թափանցիկ չէր: Արդյունքում կանոնները փոխվեցին այնպես, որ ղեկավարներին վճարում էին ըստ արտադրված ապակու քառակուսի մետրի: Ըստ նոր կանոնների խորհրդային գործարաններն սկսեցին ապակին արտադրել այնքան բարակ, որ այն հեշտությամբ կոտրվում էր: Նույն կերպ, երբ Լեհաստանի գործարանների համար կոշիկի քանակի քվոտաներ սահմանվեցին, և դրա հետ մեկտեղ նրանց շատ քիչ քանակությամբ կաշի էին մատակարարում, զարմանալի չէ, որ շուկայում մանկական կոշիկի առատություն էր տիրում։

Որոշ մարդիկ կարծում են, թե խթանները նշանակություն ունեն միայն ագահ ու եսասեր մարդկանց համար: Այդպես չէ: Մարդկանց գործողություններն ունեն տարբեր դրդապատճառներ. ոմանք գործում են եսասիրությունից, մյուսները՝ մարդասիրությունից դրդված: Թե՛ եսակենտրոնների և թե՛ ալտրուիստների ընտրությունների վրա ազդում են անձնական ծախսերի և օգուտների փոփոխությունները: Օրինակ՝ ավելի հավանական է, որ թե՛ եսակենտրոնները և թե՛ ալտրուիստները կփորձեն փրկել ավելի շուտ ծանծաղ լողավազանում խեղդվող երեխային, քան Դետիֆոս ջրվեժը թափվող արագ հոսանքներում հայտնված երեխային: Նաև ավելի հավանական է, որ երկուսն էլ կարիքավորին կտան իրենց հին հագուստը, այլ ոչ լավագույնը:

Եվ չնայած հանգուցյալ ալբանացի բարեգործ Մայր Թերեզային ոչ ոք ագահ չէր անվանի, նրա անձնական շահը ևս ստիպում էր նրան հաշվի առնել խթանները: Երբ Մայր Թերեզայի «Գթության միսիոներներ» կազմակերպությունը փորձում էր Նյու Յորքում կացարան բացել անօթևանների համար, քաղաքի իշխանությունները պահանջեցին թանկարժեք ձևափոխումներ կատարել շենքում: Կազմակերպությունը հրաժարվեց նախագծից: Այս որոշումը որևէ կերպ չփոխեց Մայր Թերեզայի՝ աղքատներին օգնելու հանձնառությունը: Փոխարենն այն արտահայտվեց խթանների փոփոխությամբ: Երբ Նյու Յորքում աղքատներին օգնելու ծախսերը մեծացան, Մայր Թերեզան որոշեց, որ իր ռեսուրսներն ավելի մեծ օգուտ կտան այլ վայրերում: Խթանների փոփոխությունն ազդում է յուրաքանչյուրի ընտրության վրա՝ անկախ մի կողմից ագահ, նյութական և մյուս կողմից բարի, ալտրուիստական նկատառումներից, որոնք ընկած են այս կամ այն որոշման հիմքում։

Ավելի՞ն եք ցանկանում: Ներբեռնե՛ք ամբողջ գիրքն անվճար հիմա:

Հասանելի են նաև անգլերեն, ալբաներեն, վրացերեն, ռուսերեն , ուկրաիներեն և ուզբեկերեն տարբերակները։ Շուտով հասանելի կլինեն ադրբեջաներեն, ղազախերեն և ղրղզերեն տարբերակները։