Անցնել բովանդակությանը
Գլխավոր
ԳլխավորՄեր պատմությունըՆախագծերՍտանալ գիրքըԴարանՑանց

Արքայախնձոր 99 ցենտով՝ համաշխարհային շուկայի հրաշքը

Լաուրա Ուիլյամս
21.05.23

Տարին մի քանի անգամ իմ տեղական մթերային խանութը 99 ցենտով վաճառում է թարմ արքայախնձորներ: Ձերը, հավանաբար, նույնպես: Ամեն անգամ, երբ տեսնում եմ դա, չեմ կարող չզարմանալ մարդկության առաջընթացի վրա:

Արքայախնձորը նորություն չէ: Առաջին անգամ այն ​​մշակվել է մայաների և ացտեկների կողմից Հարավային և Կենտրոնական Ամերիկայում հազարամյակներ առաջ: Տաինո ցեղերն իրենց հետ արքայախնձոր բերեցին, երբ գաղթեցին Կարիբյան ավազան, մոտ Մ.Թ. 250 թվականին: Եվրոպացիներն ու հյուսիսամերիկացիները չճաշակեցին այս ոսկե քաղցրությունը մինչև գաղութացումը և փոխանակման գործընթացի սկիզբը, որը հաջորդեց Կոլումբոսի հայտնագործություններին և հանգեցրեց մշակաբույսերի և ազգային խոհանոցների գլոբալ փոփոխությունների: Նույն կարճ ժամանակահատվածում «Նոր աշխարհի» ուտելիքները հասան եվրոպական երկրներ: Այդ ուտելքիենրն այնպես արմատացան Եվրոպայում, որ առանց դրանց այլևս անհնար է պատկերացնել ազգային ուտեստները. իռլանդացիները ստացան առաջին կարտոֆիլները, իսկ իտալացիները՝ լոլիկները։

Երբ արքայախնձորն առաջին անգամ ներմուծվեց Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա, աներևակայելի թանկ էր: Դրանք բերում էին Կարիբյան ավազանից, սակայն առանց սառնարանի արագ փչանում էին ու վնասվում: Մեկ արքայախնձորի արժեքը կարող է հասնել 8000 դոլարի (ներկայիս դոլարի փոխարժեքով):

Շատ հաճախ արքայախնձորները վարձակալվում էին ժամով, քանի որ դրանք հազվադեպ էին, թանկարժեք և արժեքավոր: Դրանք տրվում էին կարևոր մարդկանց, օգտագործվում էին որպես շքեղ ընթրիքների և այլ միջոցառումների զարդ, դրվում էին սեղանի կենտրոնում, որպեսզի հյուրերը կարողանային հիանալ էկզոտիկ գեղեցկությամբ: Մարդիկ իրենց հետ արքայախնձորներ էին տանում՝ բարձր կարգավիճակ ցույց տալու համար կամ փորագրում էին դրանց վրա: Արքայախնձորները չափազանց արժեքավոր էին, որպեսզի դրանք հենց այնպես ուտեին: Ուտում էին միայն, երբ հասնում էր իր կարևոր նպատակին ու հասունանում էր միջուկը:

Ճաշատեսակները, գործվածքները, կահույքն ու ճարտարապետությունը շուտով սկսեցին զարդարվել արքայախնձորի մոտիվներով, որոնք սերտորեն կապված էին հարստության և շքեղության հետ: Երբ ճաշասեղանի արքայախնձորը դարձավ ջերմ և առատաձեռն ընդունելության խորհրդանիշ, արքայախնձորի բնորոշ ձևը սկսեց հայտնվել հյուրերի համար նախատեսված իրերի վրա (մահճակալներ, ձեռքի սրբիչներ, մոմակալներ, մուտքի դռներ):

Խստասեր մրգասերները կարող էին փորձել արքայախնձորի արտադրանքը, որը պահպանվել էր ավելի կայուն պայմաններում՝ հասարակածային պլանտացիայում: Բյուրեղացած կամ չորացած արքայախնձորը, արքայախնձորից պատրաստված լիկյորը, որոնք սկսեցին մուտք գործել միջին դասի խոհարարական գրքեր:

Եվրոպայում, իր բարեխառն կլիմայական պայմաններով, արքայախնձոր աճեցնելն ավելի շատ դարձել էր էլիտար հոբբի և չուներ գյուղատնտեսական կիրառություն: Ամեն սեզոնին առնվազն մի բուռ արքայախնձոր աճեցնելու առաջին փորձերը հսկայական ջանք ու ծախսեր էին պահանջում։ 1723 թվականին Չելսիի այգում նախատիպ աճեցնելու համար օգտագործվել են վառարաններով տաքացվող հսկայական ջերմոցներ։ Վերսալի պալատական ​​այգեպանները տասը տարի անց կարողացան աճեցնել մեկ նմուշ։ Հաջորդ 70 տարիների ընթացքում տարբեր անգլիացի արիստոկրատներ իրենց գյուղական կալվածքներում կառուցեցին տաքացվող ապակե «արքայախնձորի ջերմոցներ», սակայն մեծ հաջողություն չունեցան:

18-րդ դարի սկզբին արքայախնձորի արտադրությունը տեղափոխվեց Ջամայկայի պլանտացիաներ, որոնք այնուհետև մշակվում էին Բրիտանիայի կողմից՝ դաժան պայմաններում ստրուկ աֆրիկացիները աճեցնում ու հավաքում էին պտուղը:

Այս մրգի ձեռնարկատիրական արտադրությունը հաջող էր նաև Հավայան կղզիներում, որտեղ արտադրության ծախսերը ցածր էին պահվում` էժան հողի և բնիկների շահագործման շնորհիվ: Եվրոպայից և Ասիայից ժամանած ներգաղթյալները ևս պատրաստ էին զբաղվել արքայախնձորի մշակմամբ և արտահանմամբ:

Ի տարբերություն այլ մրգերի, արքայախնձորը բերքահավաքից հետո դադարում է հասունանալ և քաղցրություն ստանալ: Որպեսզի պտուղները դիմանան ճամփորդությանը, դրանք հաճախ կանաչ էին քաղում, ինչի արդյունքում համը վատանում էր։ Ավելի կարճ բեռնափոխադրման երթուղին թույլ տվեց մրգի ավելի մեծ տոկոսին հասնել հիմնական շուկաներ՝ վաճառվող վիճակում, ինչը տեղական վայրերին, ներառյալ Հավայան կղզիներին, լրացուցիչ մրցակցային առավելություն տվեց:

19-րդ դարի վերջում ինչ-որ մեկը բերեց պահածոյացման առաջադեմ տեխնոլոգիա այնտեղ, ուր աճում էին արքայախնձորները։ Մի քանի ընկերություններ փորձեցին դա անել։ Վերջապես միրգը կարող էր մատուցվել թարմ վիճակին մոտ՝ առանց վնասվելու և փչանալու: Սակայն Հավայան ապրանքների վրա ամերիկյան բարձր մաքսատուրքերը պահածոների գործարաններին թույլ չտվեցին շահույթ ստանալ: Նոր բացված ընկերությունները հերթով փակվեցին:

1898 թվականին Միացյալ Նահանգները զավթեց Հավայան կղզիները, իսկ դրանից կարճ ժամանակ անց այնտեղ ժամանեց 22 ամյա գործարար Ջեյմս Դոլը։ Նա դարձավ հաջողակ արքայախնձոր աճեցնող, չնայած որ այդ պայմաններում դժվար էր չդառնալ։ Միացյալ Նահանգների հետ բարենպաստ առևտրային հարաբերություններ ունենալու և մրգերի մեքենայացված մաքրման և վերամշակման շնորհիվ (ենթադրաբար, նրա արտադրության մեքենաները կարող էին մեկ րոպեում 100 արքայախնձոր մշակել ) նա հռչակվեց «Արքայախնձորի արքա»:

Կարճ ժամանակում Հավայան կղզիներն այնքան գերիշխող դարձան շուկայում, հատկապես արքայախնձորի արտադրության մեջ, որ «հավայական» տերմինն այժմ օգտագործվում է որպես «պարունակում է արքայախնձոր» արտահայտության հոմանիշ։ Մի ժամանակ Հավայան կղզիները մատակարարում էին աշխարհի արքայախնձորների 80%-ը, այժմ այս ցուցանիշը 10%-ից էլ քիչ է։ Dole Food Company-ն շարունակում է մնալ արքայախնձորի աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկը, սակայն սկզբնական պլանտացիան վերածվել է թեմատիկ զբոսաշրջային գրավչության: Սա նահանգում երկրորդ ամենաշատ այցելվող վայրն է, որտեղ զբոսաշրջությունը հիմնական արդյունաբերությունն է։ Առաջին տեղում Պերլ Հարբորի ազգային հուշահամալիրն է:

Վերջին 20 տարիների ընթացքում արքայախնձորի արտադրությունը տեղափոխվել է այնպիսի վայրեր, որտեղ հիանալի կլիման զուգորդվում է մատչելի գներով՝ Կոստա Ռիկա, Ինդոնեզիա, Թաիլանդ և Ֆիլիպիններ: Թեև պլանտացիաների աշխատավարձերը ոմանց համար ցածր են թվում, գյուղատնտեսությունը և արքայախնձորի վերամշակման աշխատանքները սովորաբար լավագույն տարբերակն են նրանց համար, ովքեր անում են այդ գործը: Սա է հիմնական տարբերությունը գաղութային և ստրկատիրական անցյալի միջև, երբ այս միրգը, տարօրինակ կերպով, բազմապատիկ թանկ էր։

Այժմ արքայախնձորի առևտուրը շատ արդյունաբերականացված է։ Բերքահավաքից մեկ շաբաթ առաջ բերքը ցողվում է հասունացող քիմիկատներով, նույն քիմիական նյութերով, որոնք թողարկվում են հասած բանանի համար: Նավերի, ինքնաթիռների և բեռնատարների սառնարանային ստորաբաժանումները թույլ են տալիս ամբողջ արքայախնձորները թարմ առաքել աշխարհով մեկ՝ առանց փտելու և նվազագույն կորստով: Մթերային խանութները հաջողությամբ վաճառում են ամբողջական թարմ արքայախնձորներ, կեղևավորված և պատրաստված արքայախնձորներ, պահածոյացված արքայախնձորներ և բոլոր տեսակի «կեղծ» արքայախնձորներ: Եթե ​​ցանկանում եք փորձել արքայախնձոր այսօր, ապա այն կարող եք գնել աշխարհի գրեթե ցանկացած կետում՝ մեկ դոլարից պակաս գնով:

Արքայախնձորը ժամանակին գերագույն շքեղություն էր, որը (արդյունաբերական գործընթացների բարելավման, մասնագիտացման և արքայախնձորի աճեցման մեջ սահմանային առավելություններ ունեցող տարածաշրջաններ տեղափոխելու համադրությամբ) հասանելի է դարձել գրեթե բոլորի համար: Երբ անցյալ դարերի ամենալեգենդար շքեղությունները դառնում է սովորական և մատչելի, մենք պետք է երախտապարտ լինենք մասնագիտացմանը և շուկայի նորարարությանը:

Այս հոդվածը սիրով տրամադրվել է Լաուրա Ուիլյամսի և Տնտեսական հետազոտությունների ամերիկյան ինստիտուտի կողմից՝ Creative Commons Attribution 4.0 միջազգային լիցենզիայի ներքո: Բնօրինակը կարող եք տեսնել ասյտեղ: