Անցնել բովանդակությանը
Գլխավոր
ԳլխավորՄեր պատմությունըՆախագծերՍտանալ գիրքըԴարանՑանց

Տնտեսագիտությունն օգնում է լեզու գտնել դժվար բնավորություն ունեցող մարդկանց հետ...այդ թվում ինքդ քեզ հետ

Տնտեսագիտական կրթության հիմնադրամ
01.01.70

Արթնանում ես՝ գիտակցելով որ 30 րոպեից հանդիպման ես: Դուրս ես թռչում տեղիցդ, շորերդ գցում վրադ, վերցնում բանալիներդ ու արագ դուրս գալիս տանից: Համարյա հասած ես լինում մեքենայիդ, երբ տեսնում ես...

Ինչ-որ մեկը կտրել է անվադողերդ:

Դու 30 տարեկան ստարտափի հիմնադիր ես, բայց հանկարծ դառնում ես 60 տարեկան փնթփնթան ծերուկ: «Խուլիգաննե՛ր, տականքնե՛ր, որ ձեռքս եք ընկել, ի՛նչ է...»:

Հետո կանգ ես առնում ու մի տարօրինակ հանգստություն է իջնում վրադ: Մեդիտացիայիդ ժա՞մն է: Չէ՛, դեմքիդ արտահայտությունը հաստատ խաղաղություն չի արտահայտում, ավելի շատ՝ հետքարքրասիրություն ու վճռականություն:

Հաստատ մեդիտացիայի պահ չէ, այլ՝ տնտեսագիտության:

Անհնա՞ր է: Իրականում` ոչ։ Տնտեսագիտական մտածելակերպը կարող է հզոր գործիք լինել կյանքի մարտահրավերներին դիմակայելու համար: Իրականում՝ նույնիսկ կարող եք ասել, որ տնտեսագիտությունը կարող է ինքնօգնության ձև հանդիսանալ:

Գործողությունը հասկանալը

Տնտեսագիտության էությունը մարդկային գործողության հայեցակարգն է՝ կանխամտածված վարքագիծը։ Վարքագիծը ներառում է նպատակներ փնտրելը՝ ըստ սեփական նախասիրությունների, որոնց վրա ազդում են խթանները:

Բոլոր գործողությունները ռացիոնալ են այն իմաստով, որ հիմնված են առկա տեղեկության, գաղափարների վրա, որքան էլ, որ սխալ ու թերի լինեն դրանք, պատճառի և հետևանքի, նպատակներին հասնելու միջոցների վրա:

Սա կարող է բավականին ողջամիտ թվալ, բայց շատ հաճախ մենք կարծես թե անտեսում ենք այս ճշմարտությունները: Երբ բախվում ենք մեր մերձավորների խնդրահարույց վարքագծին, մենք հաճախ կանգ ենք առնում այդ վարքագծի բարոյական արատների կամ ընկալվող անհեթեթության վրա: «Նա ուղղակի հրեշ է». «Նա ուղղակի իռացիոնալ է». «Նրանք պարզապես ապուշների մի խումբ են»:

Որպես ծայրահեղ օրինակ՝ սեպտեմբերի 11-ից հետո և Աֆղանստանի պատերազմի սկզբում, երբ մամուլը ամերիկացի բարձրաստիճան գեներալին հարցրեց, թե ինչ գնահատական կտա Ուսամա բեն Լադենին, գեներալի միակ պատասխանը հետևյալն էր՝ «Նա խելագար է»: Ոչինչ չասվեց ահաբեկչի դրդապատճառների կամ գործի մասին, որքան էլ չարագույժ ու անարդար էր: Նրա ռազմավարության մասին ոչինչ, որքան էլ որ սատանայական էր: Պարզապես՝ «Նա խելագար է»: Այսպիսի մահաբեր թշնամուն նման մոտեցմամբ գնահատելը զարմանալի չէ, քանի որ ահաբեկչության դեմ պատերազմն այդպիսով ձախողվել է:

Նման արձագանքը կարող է ստիպել մարդուն ավելի բարձր և ինքնաբավարարված զգալ, բայց իրականում դա ինքնահեղինակազրկում է: Այն կանգնեցնում է ամեն բան՝ մահացածների հետքերը, բոլոր վերլուծությունները, բոլոր մեկնաբանությունները, դեպի լուծումներ տանող ողջ առաջընթացը: Դա կարող է հանգեցնել ուրիշների վրա որևէ ազդեցություն ունենալու հուսահատության, իսկ դա կտրուկ նվազեցնում է մարդու գործիքակազմը՝ մարդկային դերակատարների հետ արդյունավետ գործելու համար: Անհատներին, որոնք համարվում են ոչ այլ ինչ, քան անմիտ անմարդկային խոչընդոտներ, հնարավոր է հաղթել միայն ուժով կամ պարզապես խույս տալ նրանցից:

Գրասենյակային քաղաքականության գերազանցում

Իսկ ինչ կլինի, եթե ոչ մի տարբերակ չկա սեղանի վրա: Օրինակ, ի՞նչ անել, եթե գործ ունես աշխատակցի հետ, որը միշտ ձգտում է սաբոտաժի ենթարկել քեզ այն աշխատանքում, որը դու չես ցանկանում թողնել: Դու չես կարող պարզապես նրանից թաքնվել պահարանում: Չես կարող ստեղնաշարը վերցնել ու շպրտել նրա դեմպքին, ինչպես Ջեյմս Մաքեվոյն արեց Քրիս Փրաթի հետ «Փնտրվում է» ֆիլմում: Առանց տնտեսագիտական մտածելակերպի, այն ամենն, ինչ դու կարող անել վրդովմունքի մեջ եփվելն է: Միգուցե դու չնչին մխիթարություն (և նույնիսկ որոշ չափով խռովություն) զգաս՝ փորձելով փչացնել աշխատակցիդ կյանքը, ինչպես օրինակ «Գրասենյակը» ֆիլմում, երբ Ջիմ Հալպերտը Դուայթ Շրուտի ամրակրիչը դնում է դոնդողի մեջ:

Տնտեսագիտությունը մեզ հիշեցնում է, որ որքան էլ անբարոյական, անհավասարակշռված, թույլ լինեն մարդիկ, բոլորն էլ գործում են հիմնվելով նախասիրությունների, տեղեկության և խթանների վրա: Այսպիսով, երբ ինչ-որ մեկը քեզ վշտացնում է՝ արհամարհանքով և դատողություններով այն զսպելու փոխարեն, փորձի՛ր պայքարել և փոփոխել այդ նախասիրություններն, այդ տեղեկությունն ու խթանները:

Ինչո՞ւ է այդ գործընկերը փորձում սաբոտաժի ենթարկել քեզ։

Միգուցե նրա նախասիրություններն այնպիսին են, որ նա ավելի շատ մտածում է իր կարիերայի առաջընթացի մասին, քան գործող և կոլեգիալ թիմի մաս կազմելու մասին:

Միգուցե այս նախապատվությունները ձևավորվում են խթաններով, որոնք առաջանում են այն փաստից, որ ձեր ընկերությունը սկսել է հեռանալ մասնավոր հաճախորդներից և գնալ դեպի պետական պայմանագրեր կնքելուն: Այսպիսով, կազմակերպությունը դարձել է ավելի բյուրոկրատական և հիերարխիկ, և ավելի քիչ է միտված դեպի արդյունավետությունն ու սպասարկումը: Նման համատեքստում զարմանալի չէ, որ ձեր աշխատակիցը վարկանիշային բարձրացումը վեր է դասում համատեղ արժեքների ստեղծումից:

Միգուցե նրա կյանքի փորձից քաղված տեղեկությունը հուշում է, որ կորպորատիվ սանդուղքը բարձրանալու միակ միջոցը մեկ ուրիշին ցած քաշելն է:

Այժմ, երբ դու պատկերացում ունես, թե որտեղից է այս ամենը գալիս, կարող ես մտածել, թե ինչպես կարող ես փոխել այդ նախապատվություններն, այդ տեղեկությունն ու այդ խթանները:

Կարո՞ս ես փոխել խթանների կառուցվածքը՝ համոզելով քո ղեկավարին, որ պետական պայմանագրերը փոխում են կազմակերպչական մշակույթը դեպի վատը, և որ ընկերությունը պետք է վերադառնա մասնավոր հաճախորդների:

Կարո՞ս եք նախապատվությունների վերափոխում առաջացնել քո թշնամու մեջ՝ օգնելով նրան իր նախագծերից մեկում, դրանով իսկ ցույց տալով նրան համագործակցության օգուտն իր կարիերայի համար:

Կարո՞ղ ես փոխել նրա տեղեկությունը՝ խորհուրդ տալով նրան գիրք, որը բացատրում է, որ արժեքների ստեղծումն է, որ կբարելավի նրա կարիերան և աշխատանքային կյանքը, այլ ոչ թե ռեզյումեի լիցքավորումը:

«Լայֆ հեք»

Տնտեսագիտական մտածելակերպը կարող է նաև օգնել քեզ ավելի լավ վարվել այն մարդու հետ, որը երբեմն կարող է լինել քո ամենավատ թշնամին՝ դու ինքդ:

Շատ հաճախ մենք ինքներս մեզ գնահատում ենք նույնքան կոպիտ և անարդյունավետ, որքան գնահատում ենք ուրիշներին՝ կրկին կանգ առնելով դատողության վրա: «Իմ հարաբերությունները շարունակում են ձախողվել, քանի որ ես պարզապես վատ մարդ եմ»: «Ես չեմ կարող նիհարել, քանի որ ուղղակի չունեմ ինքնատիրապետում»: «Ես շարունակում եմ վատ որոշումներ կայացնել կարիերայիս հարցում, քանի որ շա՛տ ապուշ եմ»:

Ի՜նչ անօգուտ գնահատական։

Կրկին, դու, ինչպես բոլոր մյուս մարդիկ, գործում ես ըստ նախասիրությունների, տեղեկության և խթանների: Այսպիսով, ինքնասիրահարվածության մեջ ընկնելու փոխարեն, մտածիր, թե ինչպես կարող ես կոտրել այդ նախապատվություններն, այդ տեղեկություններն ու այդ խթանները:

Ինչպե՞ս կարող ես փոխել քո ունեցած տեղեկությունն, որպեսզի փոխես ընտրությունդ: Հնարավոր է, որ քո ընտրած դիետան անկայուն է, և դու պետք է հետազոտություն կատարես՝ գտնելու այն մեկը, որին կարող ես հավատարիմ մնալ՝ առանց միշտ սով զգալու: Միգուցե դու և զուգընկերդ անհամապատասխան ակնկալիքներ ունեք ձեր հարաբերություններից, էնպես որ պետք է խոսեք դրա մասին և հասկանաք միմյանց:

Ինչպե՞ս կարող ես կոտրել խթանների կառուցվածքը, որպեսզի հարմարեցնես նախասիրություններդ: Արդյո՞ք տանը ապրելը խաթարում է քո ինքնապահովումը: Ինչո՞ւ դուրս չգալ: Դպրոցում լինելը խեղդո՞ւմ է քո նախաձեռնողականությունն ու համարձակությունը: Ինչու՞ չթողնել ուսումը: Աշխատանքը DMV-ում կամ պետական ​​որևէ այլ գրասենյակում քեզ ալարկո՞տ և մռայլ է դարձնում: Ինչու՞ չհրաժարվել դրանից:

Պաթոլոգիայից մինչև խաղ

Երբ դու քեզ և ուրիշներին վերաբերվում ես որպես պաթոլոգիկ արարածների, որպես անմիտ, համառ գազանների, կյանքը վերածվում է տանջալից աշխատանքի, որտեղ պետք է տանջվել և դիմանալ. պետք է ոտնատակ անես ու անցնես բոլոր եղջերավոր անգլուխների վրայով:

Սակայն, երբ մարդկությանը նայում ես տնտեսագիտական ոսպնյակի միջով, տեսնելով քեզ և ուրիշներին որպես նպատակասլաց էակներ՝ դինամիկ նախասիրություններով, տեղեկություններով և խթաններով, կյանքը վերածվում է խաղի. զանգվածային բազմաթիվ խաղացողներ ունեցող խաղ՝ լի ստեղծագործական մարտահրավերներով, որտեղ լավագույն ռազմավարությունն ընկերներ ձեռք բերելն ու մարդկանց վրա ազդեցություն թողնելն է:

Այս հոդվածը տրամադրվել է Դեն Սանչեսի, Իսահակ Մ. Մորհաուսի և Տնտեսական կրթության հիմնադրամի կողմից՝ Creative Commons Attribution 4.0 միջազգային լիցենզիայի հիման վրա: Բնօրինակը կարող եք տեսնել այստեղ: