Անցնել բովանդակությանը
Գլխավոր
ԳլխավորՄեր պատմությունըՆախագծերՍտանալ գիրքըԴարանՑանց

Դաս տնտեսագիտության հիմունքներից. Թոմը մեքենա է գնում Հարրիից

Տ. Նորման Վան Քոթթ
01.01.70

Ահա թե ինչ կարող է մեզ պատմել օգտագործված ավտոմեքենայի վաճառքի գործարքը սուբյեկտիվ արժեքի մասին:

Թոմը եկավ մեքենաների շուկա, որտեղ վաճառվում են օգտագործված մեքենաներ: Հարրին ցանկանում է վաճառել իր «երկաթե նժույգը»։ Թոմն ու Հարրին պայմանավորվում են 7500 դոլարի շուրջ։ Թոմը ստանում է Հարրիի մեքենան, իսկ Հարրին՝ Թոմի 7500 դոլարը։ Ամենայն հավանականությամբ, Թոմը տվյալ մեքենան ավելի շատ է գնահատում, քան մնացած 7500 դոլար արժողությամբ այլընտրանքները: Նույնկերպ Հարրին իր մեքենայից ավելի շատ գնահատում է այն հնարավորությունը, որը նրան 7500 դոլար կբերի: Արդյունքում և՛ Թոմը, և՛ Հարրին շահում են:

Ու՞մ համար էր այս գործարքն ավելի շահավետ: Թոմը ստացել է մեքենան ներկայացնող գործածական արժեքի և 7500 դոլարի տարբերությունը։ Հարրին ստացել է գործածական արժեքի տարբերությունը, որը նա վերագրում է 7500 դոլարին ու մեքենայի արժեքին։ Սակայն Թոմի և Հարիի համար գործարքի օգուտները չպետք է նույնը լինեն:

«Նկատի ունեցեք, որ Թոմի և Հարիի համար թիրախը նրանց ներմուծումն է, այլ ոչ թե արտահանումը, որն օգտագործվում է ներմուծումը ստանալու համար»

Թոմը «արտահանում» է 7500 դոլարը և «ներմուծում» մեքենան, իսկ Հարրին «արտահանում» է մեքենան և «ներմուծում» 7500 դոլար։ Քանի որ Թոմի մեքենայից ստացված գործածական արժեքը ավելի քան 7500 դոլար է, իրական ներմուծումը կազմում է ավելի քան 7500 դոլար: Նույնկերպ Հարրիի դեպքում է՝ գործածական արժեքը, որը նա վերագրում է իր կանխիկ ներմուծմանը, ավելի քան 7500 դոլար է, ինչը նշանակում է, որ նրա իրական ներմուծումն ավելի քան 7500 դոլար է կազմում:

Փաստորեն, Թոմն ու Հարրին երկուսն էլ ունեն առևտրային դեֆիցիտ՝ ոչ թե հաշվապահական, այլ տնտեսական իմաստով: Եթե ​​դեֆիցիտ չունենային, առևտուր էլ չէր լինի։ Թոմի դեֆիցիտը նրա ներմուծած մեքենայի գործածական արժեքի և մեքենայի համար վճարելու նպատակով արտահանվող 7500 դոլարի տարբերությունն է: Հարրիի դեֆիցիտը նրա ներմուծած 7500 դոլարի և 7500 դոլարով վաճառվող մեքենայի գործածական արժեքի տարբերությունն է։

«...մեր բիզնեսի և տնտեսական մշակույթի մանտրան արտահանումը համարում է իրական շահավետ գործարք...»

Նկատի ունեցեք, որ Թոմի և Հարրիի նպատակը ներմուծումն է, այլ ոչ թե արտահանումը, որն օգտագործվում է ներմուծումը ստանալու համար: Առանց ներմուծման, նրանց արտահանման մեջ էապես ոչ մի ձեռնտու բան չկա։ Իսկապես, եթե Թոմը արտահաներ միայն 7500 դոլար՝ առանց մեքենա գնելու, նա ավելի վատ վիճակում կհայտնվեր, ինչպես և Հարրին, եթե նա միայն մեքենա արտահաներ առանց 7500 դոլար ներմուծելու։

Վերջին պարզաբանումը կարևոր է, քանի որ մեր բիզնեսի և տնտեսական մշակույթի մանտրան արտահանումը համարում է չափազանց շահավետ, իսկ ներմուծումը լավագույն դեպքում դժկամությամբ է ընդունվում: Նման մշակույթը ակնհայտ է միջազգային բանակցությունների օրինակում, որի նպատակը միջազգային առևտրի ընդլայնումն է։ Բանակցային գործողությունները, որոնք մեծացնում են ներմուծման հասանելիությունը, կոչվում են «զիջումներ»: Այլ կերպ ասած, մարդկանց ավելի շատ ներկրելու թույլտվություն տալը սակարկության գործիք է՝ ԱՄՆ արտահանման համակարգում համադրելի արտաքին «զիջումներ» ապահովելու համար։

Նույնը կլիներ, եթե օրինակ Թոմը դժգոհ մնար Հարրիի մեքենան գնելուց՝ առաջարկելով 7500 դոլարից բարձր գին, որն արդեն նախապես համաձայնեցված էր, որպեսզի ավելի շատ արտահաներ: Հարրին, իր հերթին, պետք է պնդեր ավելի ցածր գին՝ ավելի քիչ ներկրելու համար։ Տրամաբանակա՞ն է։ Ընդհանրապես տրամաբանական չէ: Իրականում այս պահվածքը ֆինանսական աղետի բաղադրատոմս է։ Եթե ​​նրանք տնօրինեն իրենց անձնական գործերն այս բիզնեսի և տնտեսական մշակույթի օրենքներով, երկուսն էլ կմնան առանց կացարանի, հագուստի, սննդի և ապրուստի:

Տվյալ տնտեսական մշակույթի և բիզնեսի գաղափարախոսներն ու տարածողները, ինչպես և Թոմն ու Հարրին, իրենց անձնական գործերում չեն առաջնորդվում այն ​​սկզբունքներով, որոնք նրանք քարոզում են իրենց երկրում։ Նրանց գործողություններն այնքան բարձր են խոսում, որ մենք կարող ենք դադարել լսել նրանց կեղծ փաստարկները:

Այս հոդվածը տրամադրվել է Տ. Նորման Վան Քոթի և Տնտեսական հետազոտությունների ամերիկյան ինստիտուտի կողմից՝ Creative Commons Attribution 4.0 միջազգային լիցենզիայի ներքո: Բնագիրը կարող եք տեսնել այստեղ: